ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ՇԱՀԵՐՆ ՈՒ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ

ՇԱՀԵՐՆ ՈՒ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ
19.01.2010 | 00:00

Թուրքիայի խնդիրներով զբաղվող հետազոտողները, թերևս, կհամաձայնեն, որ բավական երկար ժամանակ թուրքական ինտելեկտուալները նախընտրում էին չհրապարակայնացնել թուրքական արտաքին և ներքին քաղաքականության որոշ թեմաներ, և դա պայմանավորված չէր փակ հասարակության որոշակի ավանդույթներով։ Դա հետևանք էր հասարակական-քաղաքական բանավեճի մասնակիցների միջև ձևավորված կոնսենսուսի։
Այդ մոտեցումը և առանձին թեմաների չհրապարակայնացումը համարվում էր անհրաժեշտ` ելնելով պետական ու ազգային անվտանգության շահերից։ Ընդ որում, իշխանություններն այդ հարցում ունիվերսալ դերակատարում չունեին, գլխավորը փորձագետների պահվածքի մեջ այն էր, որ այդ պահվածքն իրենից ներկայացնում էր թուրքական հասարակական գիտակցության տարր։ Ընդհանուր առմամբ դրանում ոչ մի բացառիկ բան չկա, և այսպիսի մոտեցումը բնորոշ է շատ պետությունների ու հասարակությունների, այդ թվում` արևմտյան։ Բայց այդ մոդելը կիրառվում է միայն այն ժամանակ, երբ քննարկվող թեմաներն առնչվում են ազգային անվտանգության հատուկ հարցերին կամ խիստ նուրբ են որոշակի իմաստով։ Ոչ շատ վաղուց «հայկական թեման» Թուրքիայում քննարկվում էր որոշակի կարծրատիպերի շրջանակում, առանց անդրադառնալու պատմության և արդի քաղաքականության սուր հարցերին։ Միջազգային բանավեճը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ հանգեցրեց լուրջ տեղաշարժերի և նորամուծությունների` Թուրքիայում մի ամբողջ շարք քաղաքական ու սոցիալական հարցերի քննարկման առումով։ Որոշ դիտորդների գնահատմամբ, ԶԼՄ-ները հիմնականում պահպանում էին որդեգրված սկզբունքները և երկրի առաջատար քաղաքական ուժերի շահերը, ձգտելով որոշակիորեն սահմանափակել բանավեճը` ի հայտ չբերելով թուրքական հասարակության գիտակցության համար առավել արտառոց հիմնախնդիրները։ Սակայն ոչ հրապարակային կամ հատուկ բանավեճի ռեժիմում, որին մասնակցում էին քաղաքական և ինտելեկտուալ էլիտայի ներկայացուցիչները, տեղի են ունեցել արմատական փոփոխություններ։ «Հայկական թեման» ընդգծեց այն պրոբլեմները, որ գոյություն ունեն թուրք-ամերիկյան, թուրք-եվրոպական հարաբերություններում, երկրի արտաքին քաղաքական ինքնուրույնության առումով, նրա հարաբերություններում հարևան երկրների ու տարածաշրջանների հետ, տարբեր արտաքին քաղաքական ուղղություններով շահերի համադրման անհրաժեշտությունը։ Ընդհանուր առմամբ «հայկական թեման» կատալիզատոր դարձավ հասարակական և հատուկ բնույթի բանավեճերում նոր թեմաների ի հայտ գալու համար, չնայած այն կանխելու որոշ քաղաքական շրջանակների ջանքերին։
Թուրքական առաջնորդների վերջին քաղաքական ու դիվանագիտական շփումները, ամենից առաջ Ռեջեբ Էրդողանի այցերը Վաշինգտոն և Մոսկվա, Գերմանիայի արտգործնախարարի այցն Անկարա, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և այլ եվրոպական երկրների ընդգծված ցուցադրական քայլերը իլյուստրացիան են այն հիմնական պրոբլեմների, որոնց հետ բախվել է Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ մտնելով։ Բազմաթիվ եվրոպական փորձագետներ, ովքեր զբաղվում են կովկասյան և թուրքական հիմնախնդիրներով, միանգամայն հոռետեսորեն վերաբերվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արդյունավետությանը, չնայած, թեմայի նրբությունից ելնելով, հարկադրված էին ընդունված ձևով կողմերին հարաբերությունների բարելավման կոչ անել։ Ներկայումս Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում ու Գերմանիայում առաջատար համարվող այդ փորձագետները գործնականում բացասական դատավճիռ են կայացրել հայ-թուրքական բանակցությունների ու քննարկումների արդյունքների հետ կապված։ Այդ գնահատականներն անտեսել անհնար է, մանավանդ որ այդ փորձագետներից շատերը վաղուց սերտ կապեր ունեն թուրքական անկախ ու կառավարական կառույցների հետ և լավ տեղեկացված են։ Սակայն, չնայած եվրոպական և ամերիկյան փորձագիտական կարծիքի նկատմամբ մեծ հետաքրքրությանը, առավել հետաքրքիր է այն, ինչ տեղի է ունենում բուն Թուրքիայում` հասարակության ներսում զարգացող բանավեճի շրջանակներում։
Այդ բանավեճում գործնականում արտահայտված չեն վերլուծական եզրակացությունները, որ վերաբերում են Ադրբեջանին, քանզի համարվում է, որ այդ պրոբլեմները քննարկման արժանի չեն։ Ադրբեջանի խնդիրներին վերաբերվում են որպես «տեխնիկական» հարցերի։ Այսինքն` թե ինչպես կարելի է համոզել այդ ազգակից-գործընկեր պետությանը, որ իրեն չեն դավաճանել։ Ադրբեջանի շահերը Թուրքիայում չեն դիտարկվում իբրև գործոն, որ կնպաստեր թուրքական քաղաքականության դիրքերի ուժեղացմանը և խնդիրների լուծմանը։ Ադրբեջանի բողոքական կեցվածքն այս դեպքում դարձել է Թուրքիայի համար սահմանափակող գործոն և թույլ չտվեց Թուրքիային ի ցույց դնելու միջազգային հանրությանն ու համաշխարհային ուժային կենտրոններին, որ ինքն ունի որոշակի լրացուցիչ քաղաքական ռեսուրսներ։ Այն, որ Ադրբեջանի դիրքորոշումը նպաստեց թուրքական ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների դիրքերի ամրապնդմանը, ի ցույց դրեց, թե որքան լուրջ խոչընդոտ է այն արդի իշխանության համար։ Անշուշտ, Թուրքիայում իրավիճակն այս հարցի հետ կապված ավելի բարդ է ու բոլորովին էլ միաչափ չէ։ Այն, համենայն դեպս, ոչ մի կերպ չի տեղավորվում միայն իշխանություն-ընդդիմություն բանավեճի շրջանակներում։ Բայց միաժամանակ ակնհայտ է, որ իշխանությունները փորձում են պահվածքի որոշակի ձև մշակել, որը կապահովեր Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը։ Բացահայտ է, որ Թուրքիայի կառավարող շրջանակները մեկուսացած չեն ու չեն զրկվել հասարակության աջակցությունից։ Հասարակական կարծիքի հարցումներն այսպիսի բազմադեմ երկրում չունեն մեծ նշանակություն և հազիվ թե արտահայտում են հանրության իրական կարծիքը։ Թուրքական հասարակության առավել «առաջադեմ» շերտերը, որոնց մեջ են, անշուշտ, «Նուրչուրլյար» ասոցիացիայի, բանակի ներկայացուցիչները, սոցիալական առումով մոբիլ գործարար դասակարգը, ինչպես նաև առանձին էթնիկական խմբեր, խնդիր չեն տեսնում և պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման։ Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն սահմանների բացմանն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, այլև «լիարժեք» կարգավորմանը, ինչպես դա պատկերացնում են այդ պայմանավորվածությունների կողմնակիցները։ Թուրքական շատ քաղաքական գործիչների և ինտելեկտուալների կարծիքով, Ադրբեջանի ներկայիս դիրքորոշումը ոչ միայն զգացմունքային է, այլև վտանգավոր այն իմաստով, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության ցանկացած այլ ձգտում նույնպես կարող է դժգոհության արժանանալ ու տապալվել Ադրբեջանի կողմից։ Դա կարող է վերաբերել թուրք-իրանական կամ ռուս-թուրքական հարաբերություններին, ղարաբաղյան հիմնախնդրին, Ադրբեջանի պրոբլեմների դիտարկմանը միջազգային բեմահարթակներում։ Ադրբեջանական շահերը կարող են սահմանափակել Թուրքիայի ռազմավարությունը Եվրասիայում, ուր հատվում են Արևմուտքի և Արևելքի երկրների շահերը։ Այսպիսով, Թուրքիայում իրենց համար անսպասելիորեն հայտնաբերեցին, որ Ադրբեջանն այդքան էլ հուսալի ու նվիրված դաշնակից չէ, ինչպես հռչակվում էր փոխադարձ հարաբերություններում։ Ավելին, եթե Թուրքիան ձգտում է տարածաշրջանային տերությանը բնորոշ քաղաքականություն իրագործել, ապա դա նրա համար պետք է նշանակի արտաքին քաղաքականության ձևաչափի փոփոխություն, դրա ընդլայնում, իսկ այդտեղ ադրբեջանական «մասնավոր» շահերը տեղ չունեն։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրն ավելացավ այն պրոբլեմներին, որոնք կուտակվել են ամերիկա-թուրքական հարաբերություններում։ Երբ ԱՄՆ-ը սկսեց իրագործել այս նախագիծը, այն ուներ արկածա-խնդրության զգալի չափաբաժին, քանի որ ամերիկացիները չունեին քաղաքական բավարար ռեսուրսներ Թուրքիային այս հարցի լուծմանը հանձնելու համար։ Հետաքրքիր է, որ ամերիկյան առավել հեռատես ու հիմնախնդիրը խորությամբ իմացող վերլուծաբանները հիանալի փաստարկում էին, որ չկան բարենպաստ պայմաններ և չեն էլ կարող լինել համապատասխան արդյունքներ այս կարգավորման գործընթացում։ Բացարձակապես անհնար է, որ ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի ֆունկցիոներները հույս ունենային, թե ղարաբաղյան հարցը կլուծվի որպես Թուրքիայի առաջ քաշած նախապայման` Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առումով։ Ամերիկացիները շատ լավ են ուսումնասիրել ղարաբաղյան խնդիրը, այն վաղուց վերածվել է քաղաքական ռեսուրսի և արդյունավետ լծակի ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Եվրամիության քաղաքականության մեջ։ Ղարաբաղյան հարցի զրոյացումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում անհնար է, որովհետև այդ դեպքում կփլուզվի ուժերի և շահերի փխրուն հավասարակշռությունը ոչ միայն Հարավային Կովկասում, այլև անհամեմատ ավելի մեծ տարածության մեջ։ Վաշինգտոնում, Մոսկվայում և Փարիզում չեն կարող չհասկանալ, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումը հայկական կողմի համար ստեղծել է շատ բարենպաստ իրավիճակ։ Հայաստանում և սփյուռքում ակնհայտորեն պատրաստ չէին այս գործընթացի ընկալմանն ու գիտակցմանը, բայց դա տեղի կունենա և շատ շուտով, քանի որ համաշխարհային ուժային կենտրոնների արձագանքը նույնքան արագ կորոշակիանա ու հասկանալի կլինի։ Հայաստանը կարիք չունի Ղարաբաղի հարցում որևէ զիջման դիմելու, դա ոչ ոք թույլ էլ չի տա, որովհետև այդ դեպքում Հարավային Կովկասում արտաքին շահագրգիռ կողմերը հարկադրված կլինեն մեծ ռազմաքաղաքական ռեսուրսներ վատնելու։ ԱՄՆ-ը նպատակ ունի «հայկական գործոնին» հաղորդելու նոր բովանդակություն ու ձևաչափ, որի օգնությամբ մտադիր է ներգործել Թուրքիայի վրա` ներառելով բազմաթիվ այլ գործոններ, որոնք կնպաստեն Թուրքիայի արտաքին քաղաքական հավակնությունների զսպման ապահովմանը, նրան թեկուզ մասամբ վերահսկելի դարձնելուն։ Թուրքիայի զսպումը իդեֆիքս է դարձել ամերիկացիների համար, քանի որ նրանք դժվար են պատկերացնում, թե ինչպես իրենց պահեն մի երկրի նկատմամբ, որը ձգտում է նոր իրողություններ ձևավորել Մերձավոր Արևելքի և Եվրասիայի ահռելի տարածության մեջ։
Թուրքիան վերջին ամիսներին փորձեց իր համար պարզել, թե ինչպիսի զիջումներ և հետագա «ռևերանսներ» են հնարավոր Բարաք Օբամայի կողմից Անկարային ֆինանսատնտեսական և արտաքին քաղաքական հնարավորությունների տրամադրման առումով։ Ինչպես նաև անվտանգության, Եվրամիությանն ինտեգրվելու, նոր ռազմական տեխնիկայի տրամադրման, տարածաշրջաններում ու ամենից առաջ Մերձավոր Արևելքում, համատեղ գործողությունների համակարգման առումով։ Այս իմաստով բավական տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, երբ Թուրքիան փորձում է ԱՄՆ-ի վզին փաթաթել իր գործընկերությունը, բայց ամերիկացիներն ամենևին էլ չեն պատրաստվում դրան, ցանկություն չունեն ստանձնելու պարտավորեցնող պայմանավորվածություններ վերոնշյալ ուղղություններով։ Միգուցե դա այդքան ընդգծված չէ, քողարկված է դիվանագիտական ոճաբանությամբ, սակայն վերլուծական իմաստով դա հենց այդպես էլ արտահայտվում է։ Տեղի է ունենում լայնածավալ քաղաքական առևտուր, ու Թուրքիայի պահանջները Ղարաբաղի հարցում ընդամենն ուղեկցող փաստարկներ են այդ առևտրում։ Միաժամանակ ղարաբաղյան հարցը թուրքերը զուգահեռ օգտագործում են Ռուսաստանի ու Եվրամիության հետ երկխոսության մեջ, թեպետ ոչ պակաս, քան միջազգային քաղաքականության այլ սուբյեկտները, հասկանում են այս հարցի քննարկման փակուղայնությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում։ Ղարաբաղյան հարցը, որում Թուրքիային «ձեռքից բռնած» ներքաշեց Ռուսաստանը 2008-ի աշնանը, շատ հարմար է թուրքերի համար ԱՄՆ-ի հետ բանավեճում օգտագործելու տեսանկյունից։ Դժվար է ասել, թե դա ռուսների «տնային աշխատանք» է, սակայն այսօր ակնհայտ է երկու հանգամանք։ Ռուսաստանը մեծ սխալ կատարեց` Թուրքիային օգտագործելով իր քաղաքականության մեջ ընդդեմ ԱՄՆ-ի։ Հայաստանը հայտնվեց բավական հիմար և կանխավ տանուլ տվածի իրավիճակում, երբ համաձայնեց ամեն ինչին Ռուսաստանի նախաձեռնած այս փասիանսում։ Հիմա բոլորի փոխարեն «խաղը պետք է հետ բերեն» ամերիկացիները, ընդ որում, դա հարկադրված են անել բավական անհարմար ու բարդ իրավիճակում։ Բոլոր փաստարկներն ու դիտարկումները, թե ԱՄՆ-ն այս իրավիճակում կցանկանար ղարաբաղյան հիմնախնդրի լուծում, իրականում խոր գռեհկացման և վերլուծական աշխատանքի բացակայության հետևանք են։
Եվրոպական քաղաքական գործիչները խիստ անհանգստացած էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավոր դրական արդյունքներով, քանի որ, ի տարբերություն ամերիկացիների, դա դիտարկում են իբրև «հայկական գործոնի» զրոյացում։ Հարկ է հիշեցնել, որ «հայկական գործոնը», այսպես թե այնպես, գոյություն ունի Ղրիմի պատերազմի ժամանակներից, այսինքն` 150 տարի, և ստեղծվել է բոլորովին էլ ոչ ամերիկացիների, այլ ռուսների և եվրոպացիների կողմից։ ՈՒստի նրանք ավելի լավ են հասկանում ներկա իրականությունը և այն, որ, չնայած ամերիկացիների սպասումներին, արևմտյան հանրությանը չի հաջողվի ստեղծել «հայկական գործոնի» նոր ձևաչափ։ Եվրոպացիներն ու ռուսներն առարկայորեն ավելի մոտ են ժամանակակից Թուրքիային, և ամերիկացիների խաղերը` Անկարային պահվածքի նոր կանոններ ու քաղաքականություն պարտադրելու առումով, ոչնչով հիմնավորված չեն։ ԱՄՆ-Եվրամիություն հարաբերություններում հակասությունները չեն բացառում նրանց համախմբվածությունը շատ հարցերում, ամենից առաջ Թուրքիայի հետ կապված։ Բայց Թուրքիայի հետ ամերիկացիների սկսած խաղի առումով եվրոպացիները գրեթե վստահ են, որ այն կտապալվի, և արդյունքում «թուրք-հայկական» թեման իր ողջ ծանրությամբ և պրոբլեմներով կընկնի իրենց վրա։
Տրամաբանական է այս իրավիճակում սպասել, որ առաջատար եվրոպական պետություններն ու Ռուսաստանը քաղաքական ու ֆինանսատնտեսական աջակցություն կցուցաբերեն Հայաստանին։ Ընդ որում, ոչ միայն Հայաստանին, այլև հայկական սփյուռքին, ինչը և տեղի է ունենում այս կամ այն ձևով։ Որոշ դիտորդներ նախընտրում են այդ օգնությունը դիտարկել իբրև մանրադրամ ղարաբաղյան հարցում Հայաստանին զիջումներ պարտադրելու առումով, ինչը բացարձակապես անիմաստ է։ Հայկական շահերի վաճառքը արևմտյան հանրության և Ռուսաստանի համար` հանուն Թուրքիայի կասկածելի նախաձեռնությունների, անիմաստ, անցանկալի և անհեռանկար զբաղմունք է։ Ամերիկացիներն ու եվրոպացիները փորձում են Թուրքիայի շրջափակման նոր աշխարհաքաղաքական «գոտի» ձևավորել, որը կներառի մի շարք պետություններ, ժողովուրդներ, ազգային շարժումներ։ Եվ, ըստ այդմ, նրանք կարիք չունեն «հանձնելու» Հայաստանը խիստ կասկածելի պատճառներով։ Այն դիտարկումները, թե արևմտյան հանրությունը, ձգտելով տարանջատվել Թուրքիայից, ուղղորդում է նրան դեպի Արևելք` որպես ազդեցության գոտի նրա հսկողությանը հանձնելով Մերձավոր Արևելքն ու Եվրասիայի այլ տարածաշրջաններ, բացարձակապես անհիմն են։ Համաշխարհային ուժային կենտրոնները լավ են հասկանում, որ Թուրքիայի հավակնությունների զսպումը և նրա իրական պոտենցիալը պայմանավորված են ոչ միայն Արևմուտքի հետ նրա ինտեգրացիայի սահմանափակմամբ, այլև նրա էքսպանսիայի շրջափակմամբ Արևելքում։ Հենց Արևելքում է, որ Թուրքիան կարող է հայտնաբերել իր համար տնտեսական ու քաղաքական ռեսուրսներ, որ կուժեղացնեին նրա դերն աշխարհում ու տարածաշրջաններում։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որ ԱՄՆ-ի ու Եվրամիության քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ համակարգային առումով ակնհայտորեն «կաղում» է։ Արևմուտքը չափազանց զբաղված է Աֆղանստանով, Պակիստանով, Իրանով ու Չինաստանով, որպեսզի Թուրքիայի պրոբլեմը դառնա առաջնային։ Աֆղանա-պակիստանյան հանգույցը չափազանց մեծ ուշադրություն և ուժեր է պահանջում, Թուրքիայի ավելի մեծ մասնակցության սպասում կա այստեղ, սակայն այդ հույսերն արդարացված չեն։ Թուրքիան միաժամանակ պատրաստ չէ և չէր ցանկանա ավելի ներքաշվել այս հիմնախնդրի լուծման մեջ։ Բայց Արևմուտքն էլ չի ցանկանա զիջումների դիմել այն հարցերում, որ առաջ է քաշում Անկարան, քանի որ Թուրքիայի հնարավոր օգնությունը դրան չարժե։
Թուրքիայի կառավարող էլիտան և քաղաքական դասակարգի մեծ մասը մտադիր են օգտվել հնարավորությունից և հասնել Հայաստանի հետ պետական սահմանի ճանաչմանը, որ Հարավային Կովկասում գլխավոր նպատակներից մեկն է։ Ընդ որում, Թուրքիան փորձում է լուծել նաև իր համար էական երկու պրոբլեմ. հասնել որոշակի պայմանավորվածությունների միջազգային հանրության մեջ, ամենից առաջ արևմտյան աշխարհում իր տեղի ու դերի վերաբերյալ և, որքան էլ տարօրինակ է, կրկին որոշակիացնել իր նշանակությունը ՆԱՏՕ-ում ու հեռանկարը` Եվրամիությունում։ Ինչպես նաև հասնել իր իրավունքների և ինքնուրույնության ճանաչմանը տարածաշրջանային քաղաքականության մեջ, մեկընդմիշտ չեզոքացնել ճնշման «հայկական գործոնը», որ հանգիստ չի տալիս թուրքական քաղաքական գործիչների մի քանի սերունդների։ «Հայկական գործոնի» չեզոքացման օրինակով Թուրքիան ի ցույց կդնի իր ընդունակությունը` դուրս բերելու իր ռազմավարությունը սահմանափակող տարածաշրջանային հիմնախնդիրները գործնական քաղաքականությունից։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1576

Մեկնաբանություններ